Ե՞րբ է անհրաժեշտ դիմել երիկամաբանին
Որո՞նք են երիկամային հիվանդության հիմնական ախտանիշները և ե՞րբ է անհրաժեշտ դիմել երիկամաբանին: Մեկնաբանում է նեֆրոլոգ Սոֆիա Խուդավերդյանը: Երիկամաբանը շաքարային դիաբետով և հիպերտոնիայով հիվանդներին խորհուրդ է տալիս ամենամյա երիկամային հետազոտություններ անցնել
Մարդու կարևորագույն օրգաններից մեկի` երիկամների ախտահարման ցուցանիշները վերջին տարիներին զգալիորեն աճել են Հայաստանում և աշխարհում: Դրա պատճառն է հատկապես զարկերակային հիպերտոնիայով և շաքարային դիաբետով հիվանդացության մակարդակի բարձրացումը: Ներկայացնում ենք հարցազրույց «Դիագնոստիկա» բժշկական միավորման երիկամաբան (նեֆրոլոգ), ԵՊԲՀ-ի կլինիկական ախտորոշման ամբիոնի ավագ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Սոֆյա Խուդավերդյանի հետ երիկամային հիվանդությունների, դրանց ախտորոշման ու բուժման մեթոդների մասին:
-Տիկին Խուդավերդյան, ինչպիսի՞ն է երիկամային հիվանդությունների տարածվածության աստիճանը Հայաստանում:
-Վերջին 15 տարիների ընթացքում գրանցվել է շաքարային դիաբետով և զարկերակային հիպերտոնիայով պայմանավորված երիկամային ախտահարումների զգալի աճ: Նույն օրինաչափությունը նկատվում է նաև ամբողջ աշխարհում: Երիկամների առաջնակի հիվանդությունների /նեֆրիտների, միզուղիների բորբոքային հիվանդությունների, երիկամների կառուցվածքի անոմալիաների/ քանակը զգալի չի ավելացել:
Առանձին ուշադրության է արժանի երևանյան կամ պարբերական հիվանդությունը, որը տարածված է Հայաստանում: Այլ երկրներում պարբերական հիվանդությունը կամ չի հանդիպում, կամ տարածված է սահմանափակ խմբերում, իսկ Հայաստանում այս հիվանդության հաճախականությունը չի նվազում: Այս փաստը բացատրվում է նրանով, որ մեր հանրապետությունում չնչին են ամուսնությունները այլ ազգի ներակայացուցիչների հետ, և գենը, որը պատասխանատու է պարբերական հիվանդության համար, կրկնվում է: Ցավոք, այս հիվանդության ժամանակ ախտահարվում են մի շարք կարևոր օրգաններ, այդ թվում նաև` երիկամները, ինչով և պայմանավորված է հիվանդության ելքը:
-Որո՞նք են երիկամային հիվանդության հիմնական ախտանիշները:
-Սկզբնական շրջանում երիկամային հիվանդության նշաններն ակնառու չեն (բացի սուր վիճակներից): Ցավեր և այտուցներ չկան, հիվանդի արտաքին տեսքը փոփոխված չէ: Հետազոտություններ չեն արվում, քանի որ հիվանդը բժշկի չի դիմում: Սակայն երիկամային հիվանդությունները անկախ առաջացման պատճառից աստիճանաբար զարգանում են և բերում նույնատիպ ելքի` երիկամային անբավարարության, որը արդեն պահանջում է լուրջ և երկարատև բուժում: Վերջինս ոչ միշտ է կիրառելի և արդյունավետ, հետևաբար, հիվանդը ուղեգրվում է կամ խրոնիկ հեմոդիալիզի, կամ երիկամի փոխպատվաստման:
Ինչպես փաստում են համաշխարհային վիճակագրության տվյալները, խրոնիկական երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների թիվը կայուն ձևով ավելանում է: Այդ դեպքերի զգալի տոկոսը կազմում են երիկամների երկրորդային ախտահարումները, որոնց թվում առաջին տեղերը զբաղեցնում են զարկերակային հիպերտոնիան և շաքարային դիաբետը:
-Այսպիսով, ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել երիկամաբանին:
-Կան որոշակի նշաններ, որոնց ի հայտ գալը պետք է անհանգստացնի հիվանդին: Դրանց շարքին են պատկանում դեմքի և ոտքերի այտույցները, մեզի գույնի փոփոխությունը, մեջքի շրջանում բութ կամ սուր ցավերը, հաճախամիզությունը և գիշարամիզությունը, մեզի քանակի պակասումը կամ ավելացումը, անհասկանալի սրտխառնոցը: Կարևոր գանգատներից է նաև գլխացավը, որի ժամանակ անհրաժեշտ է չափել զարկերակային ճնշումը, և ճնշման հանկարծակի բարձրացման դեպքում դիմել բժշկի` հատկապես երիտասարդներին:
Մարդու օրգանիզմը հաճախ սովորում է փոփոխություններին: Օրինակ, երբ երիկամային հիվանդությունների ժամանակ զարկերակային ճնշումը աստիճանաբար բարձրանում է, օրգանիզմը հարմարվում է, և հիվանդը որոշ դեպքերում սկզբնական շրջանում գանգատներ չի ներկայացնում: Աստիճանաբար կարող է զարգանալ նաև երիկամային անբավարարություն, որի առաջին ախտանիշը կարող է հանդիսանալ սրտխառնոցը: Հաճախ այդպիսի հիվանդները ուշ են դիմում բժշկի: Այս դեպքերում բժշկական միջոցառումները բավականին սահմանափակ են: Ցավոք սրտի, պոլիկլինիկաներում գործնականորեն բացակայում են որոշ նեղ մասնագետների, այդ թվում նաև` նեֆրոլոգի հաստիքները, այդ իսկ պատճառով այս հիվանդները տեսադաշտից դուրս են մնում:
-Երիկամային հիվանդությունների ախտորոշումից հետո բուժումն ինչպե՞ս է իրականացվում:
-Բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, եթե, իհարկե, հիվանդը ստացիոնար բուժման կարիք չունի: Եթե արդեն առկա է երիկամային անբավարարություն, որոշ փուլերում այն կարելի է բուժել ամբուլատոր պայմաններում, որպեսզի գոնե դանդաղեցնել հիվանդության ընթացքը: Որոշ դեպքերում հիվանդը կարող է դիալիզի կարիք ունենալ: Ներկայիս պայմաններում գործնականորեն միշտ էլ կարելի է ընտրել հարմար բուժման եղանակներ, և որքան շուտ դիմի հիվանդը բժշկի, այնքան ավելի արդյունավետ կլինի բուժումը: Եթե հիվանդությունն ավելի վաղ ախտորոշվի, հեշտ կլինի իրականացնել բուժումն ու դանդաղեցնել հիվանդության ընթացքը, կանխել բարդությունները, բարելավել մարդու առողջական վիճակը:
-Հայերի ապրելակերպը, էթնիկ առանձնահատկությունները կարո՞ղ են խթանել երիկամային հիվանդությունների առաջացումը:
-Այս դեպքում պետք է խոսենք ռիսկի գործոնների մասին և, ես պետք է ասեմ, որ այն ամենը, ինչը վատթարացնում է շրջանառությունը մանր արյունատար անոթներում, /իսկ երիկամները բաղկացած են մանր անոթներից/, միանշանակ վատթարացնում է երիկամների աշխատանքը: Երիկամային հիվանդությունների առաջացման դրդող գործոններից է ավելորդ քաշը, ծխելը: Այս երկու գործոնները բավականին վտանգավոր են, հատկապես, երբ դրանց գումարվում են բարձր զարկերակային ճնշումը, չբուժվելը և որոշակի վարակների զարգացումը: Մեր բնակչությունը գտնվում է երկարատև սթրեսային վիճակում, դրանով է պայմանավորված նաև հիպերտոնայի աճը, այդ թվում՝ երիտասարդների շրջանում: Գաղտնիք չէ, որ երիտասարդների մի մասը այդքան էլ չի սիրում դիմել բժշկի և բուժվել:
-Իրենց առողջությանը հետևելու, բժշկին դիմելու հարցում մարդկանց գիտակցության փոփոխություն նկատո՞ւմ եք:
-Այո, իհարկե: Եվ առաջին հերթին դա վերաբերվում է բնակչության այն մասին, որը ակտիվ և առողջ ապրելակերպ է գերադասում: Նրանք ուշադիր են իրենց արողջության նկատմամբ: Այս հարցում նաև զգալի դեր է խաղում բժշկական ապահովագրությունը, երբ հիվանդը իրավունք ունի դիմել բժշկին իր կողմից ընտրված բուժհաստատությունում: Այս իմաստով «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնն ունի մի շարք առավելություններ: Երբ մեզ մոտ, օրինակ, սրտխառնոցից գանգատվող հիվանդը դիմում է գաստրոէնտերոլոգին, բայց ստուգման արդյունքում աղեստամոքսային համակարգի հիվանդություն չի հայտնաբերվում, հիվանդը ստուգվում է այլ մասնագետների մոտ մինչև բացահայտվում է գանգատի պատճառը: Հասկանալով, որ դա կարող է լինել երիկամային խնդիր, անց է կացվում նեֆրոլոգի խորհրդատվությունը. այսինքն՝ ոչ մի գանգատ աչքաթող չի արվում: Այդպես հաճախ հայտնաբերում ենք հիվանդությունները վաղ փուլերում, որը շատ մեծ առավելություն է: Այդ իմաստով՝ ես շատ լավ զգում եմ տարբերությունը: Իսկ այն հիվանդների մոտ, որոնք ստուգվում են երիկամաբանի մոտ առաջին անգամ շաքարախտի, բարձր ճնշման դեմ երկարատև բուժում ստանալուց հետո, երիկամային անբավարարության տոկոսը բարձր է: Այդպիսի հիվանդները գալիս են արդեն բարդություններով: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հեռուստահաղորդումների միջոցով լայն լսարանին դիմել ու հորդորել, որպեսզի տարին մեկ անգամ այդպիսի հիվանդները անցնեն համապատասխան հետազոտությունները` հետագա բարդություններից խուսափելու համար:
-Հիվանդների կողմից հաճախ տրվում են հարցեր, դրանցից երկուսը կարո՞ղ եք առանձնացնել՝ իրենց պատասխաններով:
-Շատ անգամ շաքարային դիաբետով հիվանդները հարցնում են, երբ՞ պետք է դիմել երիկամաբանին և ընդհանրապես, պետք է արդյոք դիմել, եթե գանգատներ և տեսանելի փոփոխություններ միզուղիների կողմից չկան:
Անկախ նրանից՝ հիվանդի մոտ կան գանգատներ, թե ոչ, եթե առկա է շաքարային դիաբետ, ինչպես նաև զարկերակային հիպերտոնիա, պարբերական հիվանդություն, կամ որևէ խրոնիկ երիկամային հիվանդություն, տարին գոնե մեկ անգամ հիվանդը պետք է անցնի երիկամների հետազոտություն: Դա ներառում է սոնոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ, երիկամների աշխատանքի ստուգում: Այս հետազոտությունները «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում կատարվում են լիակատար ձևով: Եթե ամեն ինչ նորմալ է, պետք է դրանք կրկնել մեկ տարի հետո, եթե կան փոփոխություններ՝ ըստ բժշկի ցուցումի:
-Միզաքարային հիվանդությունը մեծ տարածում ունի Հայաստանում: Ինչպես կարելի է կանխել այն:
Առողջ սննդակարգը մեծ դեր է խաղում միզաքարային հիվանդության կանխման հարցում: Նախ և առաջ կարևոր է օգտագործել բավականին քանակով հեղուկներ` մոտ 2 լիտր օրեկան, ցանկալի է սովորական ջուր կամ դեղաբույսերի թուրմեր: Խիստ արգելվում են ոչ տնային պայմաններում պատրաստված հյութեր, որոնց բաղադրության մեջ կան կոնսերվանտներ և/կամ ներկեր, ինչպես նաև Պեպսի Կոլա, Կոկա Կոլա և Ֆանտա խմիչքները: Արգելվում են արգանակները, սահմանափակվում են ապխտած ուտեստները, պահածոները, որոշ կանաչեղենները, թունդ սև թեյը և սուրճը, բանջարեղենային հյութերը: Ավելի մանրամասն խորհուրդներ ստանալու համար անհրաժեշտ է մեզի և արյան որոշ ցուցանիշների հետազոտություններ: